Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով: Առաջին գնացքը Երևանից Բաթումի կմեկնի հունիսի 15-ին:

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կմեկնի Թբիլիսիով Բաթումի: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան, մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաք և այլ զբոսաշրջային ուղղություններ», - ասել է Տուռնավան:

Գործակալության հետ զրույցում վրացական երկաթուղիներից հայտնել են, որ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը ևս կգործարկվի հունիսի 15-ից: 

Հիշեցնենք՝ Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորատար գնացքները չեն երթևեկում 2020 թվականի մարտից: 

Նշենք՝ ներկայում Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ Թբիլիսի-Բաքու-Թբիլիսի երթուղով գնացքների երթևեկությունը վերսկսելու շուրջ: