Լիբիան Թուրքիային կոչ է արել դուրս բերել օտարերկրյա վարձկաններին

Լիբիայի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել երկրից դուրս բերել օտարերկրյա վարձկաններին՝ դեկտեմբերին կայանալիք նոր ընտրություններին ընդառաջ, հայտնում է Ahval թերթը՝ հղում տալով երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լիբիայի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Նաջլա ալ Մանքուշի հայտարարությանը։ «Մենք Թուրքիային կոչ ենք անում համագործակցել մեզ հետ՝ վերջ դնելու բոլոր օտարերկրյա ուժերի և վարձկանների ներկայությանը Լիբիայում և պատերազմը դադարեցնելու և հրադադարը պահպանելու հարցում շեշտում ենք Թուրքիայի դերի կարևորությունը», - ասել է Մանքուշը: Ի պատասխան Լիբիայի գլխավոր դիվանագետի հայտարարության՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի ներկայությունը Լիբիայում նախորդ կառավարության հետ ձեռք բերված համաձայնության արդյունք է և հավելել, որ Թուրքիան միակ պետությունն է, որը երկրի արևելյան շրջաններից դեպի Տրիպոլի «Լիբիայի ազգային բանակի» հարձակումից հետո հանդես է եկել Լիբիայի պաշտպանությամբ։ Չավուշօղլուն մեղադրել է այլ կուսակցություններին ՝ թուրքական ուժերի ներկայությունն օտարերկրյա վարձկանների ներկայությանը հավասարեցնելու համար: Հայտնի է, որ այս պահին Լիբիայի տարածքում կա ավելի քան 11 հազար սիրիացի վարձկան, որոնք Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել են Լիբիա՝ Ազգային համաձայնության կառավարության հետ «Լիբիայի ազգային բանակի» դեմ կռվելու համար: Բացի այդ, Լիբիայում են գտնվում նաև Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիացի վարձկաններ, որոնք կռվում են «Լիբիայի ազգային բանակի» հետ, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությունը վայելող սուդանցի վարձկաններ։ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2020 թվականի վերջին Լիբիայում օտարերկրյա վարձկանների թիվը եղել է 20 հազար։