G7-ը 15 մլրդ դոլար կհատկացնի զարգացող երկրներում աղջիկների դպրոցական կրթության համար

G7-ի («Մեծ յոթնյակ») երկրները պլանավորում են առաջիկա երկու տարում 15 մլրդ դոլար հատկացնել զարգացող երկրներում աղջիկների դպրոցական կրթությանն աջակցելու համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։

G7-ի անդամ պետությունները հույս ունեն, որ նախաձեռնության շնորհիվ մինչև 2026 թվականը զարգացող երկրներում ավելի քան 40 մլն աղջիկներ կկարողանան դպրոց հաճախել, իսկ 20 մլն աղջիկներ 10 տարեկանում կսովորեն կարդալ։

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ «աղջիկների կրթության համար ներդրումը թույլ կտա մարդկանց դուրս բերել աղքատությունից, նպաստել տնտեսության աճին, կյանքեր փրկել և օգնել հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքները»։

Սպասվում է, որ նախագծի շրջանակներում կբաշխվի 15 մլրդ դոլար։ Ենթադրվում է, որ այդ գումարը կբաշխվի 2X Challenge մեխանիզմի շրջանակներում, որը G7-ի երկրների կողմից գործարկվել է 2018 թվականին:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է G7-ի արտաքին գործերի նախարարների՝ վերջին երկու տարվա ընթացքում առաջին առերես հանդիպման նախաշեմին, որը տեղի կունենա Լոնդոնում՝ մայիսի 3-5-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հանդիպմանը կողմերը, մասնավորապես, մտադիր են քննարկել ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի հասանելիության հարցը, համաձայնեցնել կլիմայի պաշտպանության հավակնոտ գլոբալ գործողությունները և սովին հակազդելու նոր մեթոդներ մշակել: