Կառավարությունն առաջարկում է թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը

Այսօր կառավարությունն ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ փոխվարչապետի ԺՊ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, որ նախագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է նախատեսել հետևյալ կարգավորումները։

Առաջին՝ սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը ՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Երկրորդ․ նախագծով հստակեցվել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը, երրորդ․ նախագծով նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաև սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում: Չորրորդ․ նախագծով հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ, և հինգերորդ․ նախագծով սահմանվել է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում, լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ անցած տարի այդ բնույթի մի քրեական գործ է եղել և այդ քրեական գործի քննության արդյունքում բավականին բարդությունների են հանդիպել՝ պայմանավորված պարունակության, թմրանյութի առկայության վերահսկողության հետ: «Ինձ հետաքրքրում է՝ կարգավորումների ընթացքում առաջացած խնդիրները նախագիծը մշակողներին հայտնի եղե՞լ են և հաշվի առե՞լ են»,-հարցրեց բա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշակի պրոցեսների տեղյակ եղել են: «Այն խնդիրները, որոնք բարձրաձայնում եք, արդեն ենթաօրենսդրական ակտերի միջոցով պետք է անդրադառնանք»,-ասաց նա և նշեց, որ խոսքը փակ տարածքներում հստակ մոդուլավորված արտադրությունների թույլտվության մասին է, որոնք որոշակի ստանդարտների համապատասխանում են:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, ասաց, որ, ըստ էության, նոր ոլորտ են մտնում, և ենթադրել, որ մեկ գործողությամբ այս ամեն ինչը կկարգավորվի, այդքան էլ իրատեսական չէ, սակայն կարևորեց քննարկումները: «Շատ կարևոր է, որ, ըստ էության, եթե շատ կոպիտ ասենք, հիմա այս որոշումներով, պրոցեսով մտնում ենք արդյունաբերական կանեփի արտադրամասերի թույլտվության, դրանք, ըստ էության, արտադրական տարածքներ են, ոչ թե դաշտերում ուղղակի ցանում են կանեփ: Ըստ էության, գործարաններ, ջերմոցներ են»,-ասաց նա: