Արցախի կարգավիճակի անորոշությունն ուղիղ հարված է մեր անվտանգությանը․ Տիգրան Աբրահամյան

․ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի եռակողմ հայտարարության 9-րդ կետը սահմանում է, որ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Այս կետը նաև սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։

Արդյո՞ք հայտարարության այս դրույթը բխում է Հայաստանի շահերից և ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան փորձում ամեն գնով հասնել տրանսպորտային ապաշրջափակման։

Տարօրինակ չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ մի կողմից Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալ Հայաստանին, սակայն ամեն ինչ անում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և անխափան աշխատանքի համար։

Սրան զուգահեռ հիշենք, որ Արցախի կարգավիճակի խնդիրը մնում է չկարգավորված, ըստ այդմ՝ այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը մնում է մշուշոտ, որն իր հետ, բնականաբար, բերում է նաև այլ խնդիրների։

Կարգավիճակի անորոշությունն ուղիղ հարված է Արցախի անվտանգությանը, այս պահին Արցախում ներդրված անվտանգության երաշխիքներն էլ ամբողջական չեն, ինչը նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մի շարք միջադեպերի է հանգեցրել։

Մյուս կողմից, եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն առ այս պահը այդ գործընթացը մասամբ է կայացել։ Բաքվում շարունակում են մնալ առնվազն 120 հայ ռազմագերի, իսկ ռազմի դաշտում անհետ կորածների թիվն անցնում է 1000-ը։ Այս պայմաններում Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ իր երկրում գտնվող ռազմագերիները ռազմական հանցագործներ են և պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն ադրբեջանական օրենքներով։

Ու այս պայմաններում, մի կողմ դնել անվտանգային և հումանիտար՝ շատ զգայուն հարցերը և անցնել խիստ ռիսկային մեկ այլ գործընթացի, որևէ հիմնավորում չունի։ Այս գործընթացի տնտեսական սպառնալիքների մասին դեռ չեմ խոսում, սակայն այդ մասին բավականին դետալային խոսում են տնտեսագետները։

Ի տարբերություն Սյունիքի մարզով անցնող և ադրբեջանական շահերը սպասարկող ճանապարհների, որոնց անվտանգության ապահովումը, ըստ գրավոր պայմանավորվածության, դրվելու է ՌԴ սահմանապահ ծառայության վրա, Հայաստանի համար պոտենցիալ օգտագործման ճանապարհների անվտանգությունն Ադրբեջանի վրա է, իսկ այս պայմաններում դժվար է խոսել անվտանգության երաշխիքների մասին։

Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր նպատակը, որը նրանց համար միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով է սահմանված՝ Հայաստանի միջոցով ու Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին Նախիջևանի և Ադրբեջանի ցամաքային, այլ ոչ թե ճանապարհային կապի ապահովումն է։

Պարզ ասած, Ադրբեջանում ակտիվացած այն մոտեցումը, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածք է, պարզորոշ ձևով անոնսում է Ադրբեջանի և Թուրքիայի հաջորդ թիրախի և հարվածի հաջորդ ուղղության մասին։ Իսկ այս վտանգներն առավել սուր բնույթ են ստանում՝ տարածաշրջանում ընթացող նոր վտանգավոր զարգացումների և առճակատումների պայմաններում։