Իշխանությունը բռնազավթած խմբավորումը գիտակցում է, որ երբ եղանակը բարելավվի, բնակչությունը դուրս է գալու փողոց

Իշխանությունները երկարացնում են կարանտինը՝ քաղաքական նպատակներից ելնելով։  Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի՝ 6-ամսյա երկարաձգմանը։

«Իշխանությունը բռնազավթած խմբավորումը շատ լավ գիտակցում է, որ երբ եղանակային պայմանները բարելավվեն, բնակչությունը դուրս է գալու փողոց, և իրենց քաղաքական կյանքի վերջնակետը կարող է դրվել։ Այդ պատճառով էլ կրկին հիշեցին կորոնավիրուսի մասին»,-կարծիք հայտնեց Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ շատ դժվար է մեկնաբանել կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող այն բոլոր տեխնիկական որոշումները, որոնք այսօր ընդունվում են երկրի առողջապահության ոլորտում լիազոր մարմնի՝ Առողջապահության նախարարության կողմից։

«Այդ որոշումներում ընդհանրապես հնարավոր չէ գտնել տրամաբանություն։ Կորոնավիրուսի նկատմամբ լիազոր մարմնի կողմից սկզբում շատ անլուրջ վերաբերմունք էր, հետո սկսեցին քաղաքացիներին ենթարկել ինֆորմացիոն տեռորի։ Այսօր արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի վարակի առկայությունն ու տարածումը Հայաստանում օգտագործվում է իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից բացառապես իր քաղաքական շահերի, քայլերի սահուն ընթացքն ապահովելու, քաղաքական նպատակներին հասնելու համար»,-նշեց նա։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ երկրում իրականացվող միջոցառումները որևէ կապ չունեն կորոնավիրուսային վարակի հետ։

«Թեստերի զգայունակությունը, որոնք կիրառվում են իբրև թե հիվանդությունն ախտորոշելու համար, բավարար չէ, որ դրանք համարենք կիրառելի։ Չգիտենք՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրական տոկոսը որքան է։ Երկրում չի կատարվում իբրև թե կորոնավիրուսից մահացած մարդկանց դիահերձում, մենք կարող ենք ցանկացած մահացած մարդու վերաբերյալ ասել, թե մահացել է կորոնավիրուսից»,-նշեց նա՝ ընդգծելով, որ, իր խոսքով, «առողջապահության նախարարի աթոռին կառչածը» որևէ բացատրություն չի տալիս՝ բացի PR ակցիաներից։ «Ես խորապես համոզված եմ, որ կորոնավիրուսին առնչվող գործընթացը խոր և անաչառ հետաքննության կարիք ունի»,-հավելեց Գրիգորյանը։

Նա նշեց, թե շարունակում է դեմ լինել փողոցներում դիմակ դնելու պարտադրանքին, սակայն փակ տարածքներում այն ցանկալի է։