ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա վերահսկողությունը, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դիտորդական կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,-ասված  է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսաստանցի զինվորականները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղաղապահները բարելավում են դիտակետերի հսկողության և պաշտպանության ոլորտում իրենց հմտությունները:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շուրջօրյա դիտարկում իրականացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։