«Այժմ կենտրոնանալու եմ իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու վրա». Թրամփ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված տեսաուղերձում հայտնել է, որ Կոնգրեսի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո մտադիր է կենտրոնանալ նոր վարչակազմին իշխանության խաղաղ փոխանցման վրա:

Նա, մասնավորապես, շեշտել է. «Իմ շտաբն օգտագործեց բոլոր օրինական միջոցները՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Ես նման ձևով պայքարում էի ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելու համար …Այժմ Կոնգրեսը հաստատեց արդյունքները, և նոր վարչակազմի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին: Ես հիմա կենտրոնանալու եմ իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու վրա»:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: