Ռուսաստանի հետ տարաձայնությունները Թուրքիային մղում են Արևմուտքի հետ մերձեցման. Bloomberg

Թուրքիան ձգտում է շտկել հարաբերություններն ավանդական արևմտյան դաշնակիցների և Սաուդյան Արաբիայի` տարածաշրջանային հզոր տերության հետ, քանի որ Ռուսաստանի հետ տարաձայնությունները, ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի  հաղթանակը և եվրոպական պատժամիջոցների սպառնալիքը ստիպում են վերանայել արտաքին քաղաքականությունը: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը` հղում տալով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Երկու տարի առաջ իր երդմնակալությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրք քաղաքական շրջադարձ կատարեց` հեռանալով Արևմուտքից և մերձենալով Մոսկվայի հետ, ինչը իր դեմ տրամադրեց ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին:

Սակայն վերջին իրադարձությունները փոխել են իրավիճակը:

Անկարայի շահերը գնալով ավելի ու ավելի են հակասում ռՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերին: Լիբիայում, մինչև զինադադարի կնքումը Թուրքիան և Ռուսաստանը գտնվում էին բարիկադներ հակառակ կողմում, Սիրիայում նույնպես այս երկրների շահերը բախվում էին, իսկ դրանից հետո Թուրքիան ներխուժեց Ռուսաստանի ազդեցության գոտի` Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում աջակցելով Ադրբեջանին:

Բացի այդ, կա նաև ԱՄՆ-ի հարցը, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նույնիսկ տարաձայնությունների պայմաններում ընդգծում էր իր լավ անձնական հարաբերությունները Էրդողանի հետ, լքում է Սպիտակ տունը:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա եվրոպացի առաջնորդները դեկտեմբերի 10-ին սկսվելիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում են քննարկել Միջերկրական ծովի վիճելի ջրերում Թուրքիայի կողմից էներգառեսուրսների միակողմանի հետազոտության համար վերջինիս նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Պատժամիջոցները կարող են վտանգել համաճարակային սահմանափակումներից Թուրքիայի տնտեսական վերականգնումը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ բարձրաստիճան պաշտոնյաների նոր խումբը սկսել է փլուզվող արժույթի վերականգնման փորձերը:

Էրդողանը հաշտվող տոնով է խոսում. «Մենք ոչ մի երկրի կամ կառույցի հետ այնպիսի խնդիրներ չունենք, որոնք չեն կարող լուծվել քաղաքականության, երկխոսության և բանակցությունների միջոցով»,-հայտարարել է Էրդողանը` ԵՄ-ին կոչ անելով աջակցել Թուրքիային կառույցին անդամակցելու համար խոչընդոտները հաղթահարելու գործում և հետևել առանց այցագրի ռեժիմի պայմանավորվածություններին:

«Նույն ցանկությունը մենք հայտնում ենք մեր դաշնակից ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»,-ասել է Էրդողանը: