Axios-ը հայտնել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության նպատակը

Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության նպատակը կարող է լինել իսլամական հանրապետության և ԱՄՆ-ում նոր վարչակազմի միջև միջուկային համաձայնագրի վերականգնումը բարդացնելը: Այս մասին գրում է Axios պորտալը:

«Ֆահրիզադեի սպանությունը թվում է, թե մասն է այն բանի, ինչը փորձում են անել Թրամփի վարչակազմն ու Նեթանյահուի կառավարությունը` օգտագործելով Թրամփի՝ նախագահի պաշտոնում մնացած ժամանակը` Իրանի վրա ճնշում գործադրելու համար, քանի դեռ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը չի ստանձնել երկրի ղեկավարի լիազորությունները: Թրամփի վարչակազմը չի թաքցնում Բայդենի կողմից `Իրանի հետ բանակցությունները վերսկսելու և 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու գործընթացը բարդացնելու իր ցանկությունը: Պատժամիջոցները, գաղտնի գործողությունները և ռազմական հարվածի սպառնալիքները այս ջանքերի մի մասն են»,-ասված է պորտալում հրապարակված հոդվածում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։