«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը շատ առումներով Փարիզի և Անկարայի միջև տարաձայնությունների հետևանք է». Կոնստանտին Կոսաչով

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը շատ առումներով Փարիզի և Անկարայի միջև տարաձայնությունների հետևանք է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Որքան էլ պարադոքսալ հնչի, սակայն կասկած ունեմ, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ. ֆրանսիայի մեր գործընկերների անկեղծ հույզերը հասկանալով՝ կարծում եմ, որ այն նաև Թուրքիային է վերաբերում»,- նշել է Կոսաչովը: 

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ֆրանս-թուրքական հարաբերությունները բացասական ուղղությամբ են զարգանում, գործը հասել է միմյանց հասցեին բարձր մակարդակով հնչեցված վիրավորական արտահայտություններին:

«Միևնույն ժամանակ հայտնի է, որ Թուրքիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելով, Լեռնային Ղարաբաղի հարցով բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում էր ընդունել: Եվ այս իրավիճակում միջազգային գործերում Թուրքիայի վարքագծի պատճառով ֆրանսիացի քաղաքական գործիչների զայրույթին գումարվել է ֆրանսիական հասարակության մեջ ավանդական հայամետ համակրանքը»,- ենթադրում է սենատորը:

Կոսաչովի կարծիքով՝ Սենատի միաձայն դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ֆրանսիան քաղաքականության մեջ առայժմ ավելի շատ պատրաստ է ցուցադրական քայլերի, քան թե կտրուկ գործողությունների: 

«Պրակտիկորեն կասկած չկա, որ կառավարությանը որպես առաջարկ ուղարկված նախաձեռնությունն այդպես էլ կմնա»,- նշել է քաղաքական գործիչը: 

«Գուցեև այն դրական միտում ունի, սակայն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պետք է առաջին հերթին հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության թեմա մնա՝ առանց վերջնագրերի և ուժային սցենարների»,- եզրափակել է Կոսաչովը:

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.

1. Առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

2. Դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,

3. Պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։

4. Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: