ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ազատ կարձակվի. Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Panorama

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը։ Նա առաջիկա րոպեներին ազատ կարձակվի։  Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ դատավորն էր Ռոբերտ Պապոյանը։

Հիշեցնենք, որ  Արա Սաղաթելյանին երեկ ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին Բաղրամյան պողոտայից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում։ Նրան ձերբակալել են քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով։

Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է  Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցկացնելուն.  «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։