Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը, վիրավորվել է ավելի քան 8000 մարդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազարը, գրում է ria.ru-ն։  

«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազար է՝ արձանագրելով, որ ավերվել են նաև «շատ մշակութային օբյեկտներ» և քաղաքացիական ենթակառուցվածքներ:

«Հուսով եմ՝ մենք այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։ Հուսով եմ՝ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։