ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ․ ՊՆ խոսնակ

ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ավելի ուշ նա գրել էր, որ  իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։

«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է Պողոսյանը։

Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։