Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն Ազգային հետախուզության տնօրենից ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի գնահատում է ենթադրում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովը՝ Ադամ Շիֆի նախագահությամբ առաջարկել է օրինագիծ, ըստ որի՝ Ազգային հետախուզության ծառայությունը պետք է Կոնգրեսին գրավոր գնահատական ներկայացնի այն մասին, թե կողմերից որն է ուժի կիրառում նախաձեռնում  Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

«Մենք ողջունում ենք հետախուզությունը թույլտվության մասին օրենքի այս դրույթը, որի միջոցով Կոնգրեսը կունենա հուսալի հետախուզական տվյալներ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրադադարի ռեժիմի խախտումների և Հայաստանում անդրսահմանային ագրեսիայի մասին»,-ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոմիտեի նախագահ Ադամ Շիֆն  այս փաստաթուղթը ներկայացրել է որպես հետախուզության մասին օրենքի (H. R. 7856) մաս, որը սահմանում է հետախուզական համայնքի քաղաքականությունը: Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեդքլիֆից կպահանջի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր հետո ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ լարվածության գրավոր գնահատականը:

Գնահատականը պետք է ներառի ներքոնշյալ կետերը։

1. հայ-ադրբեջանական տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում

2. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացույցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի փաստերի նկարագրությունը, ներառյալ՝ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը

3. ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա

4. Առաջիկայում և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործողությունների հավանականության գնահատում:

Հուլիսի 31-ին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել հետախուզության թույլտվության ակտի մասին օրենքին (H. R. 7856):

Սույն օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ Այն կոմիտեի կողմից կքննարկվի հաջորդ շաբաթ՝ նախքան Կոնգրես ուղարկվելը: Ընդունման դեպքում՝ փաստաթուղթը պետք է համաձայնեցվի Սենատի հետ։

Օրինագիծը պետք է ընդունվի Կոնգրեսի և Սենատի կողմից նույն ձևով, այնուհետև այն պետք է ստորգարի նախագահը, որից հետո այն կդառնա օրենք։