«Արթուր Վանեցյանի նկատմամբ հետապնդումը ծաղր է օրենքի նկատմամբ». Լուսինե Սահակյանը

Նախապատրաստվում են նյութեր աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված, որի շրջանակում Արթուր Վանեցյանը հրավիրվել էր բացատրություն տալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ անդրադարնալով Վանեցյանի ԱԱԾ կանչվելուն:

«Ես սա համարում եմ օրենքի նկատմամբ ծաղր, որովհետև գոյություն ունի օրենք, որտեղ անձի՝ 50 տարին լրանալուց հետո իրավունք ունեն մինչև 5 տարով այդ ժամկետը երկարեցնել, ինչը տվյալ պարագայում արվել է: Այստեղ խոսքը 1 տարվա մասին է: Անձը աշխատանքի է վերականգնվել օրենքի պահպանմամբ»,-ասաց նա:

Սահակյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն չէ, թե օրենքը խախտվե՞լ է, թե՞ ոչ, օրենքը կարդացե՞լ են, թե՞ ոչ, խնդիրն այն է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը, նյութեր են նախապատրաստվում, մինչդեռ քրգործ չի կարող հարուցվել:

«Ինձ համար շատ զարմանալի է այս հանգամանքը, որովհետև Քրեական օրենսգրքում չկա նման նորմ, եթե նույնիսկ խախտում եղած լիներ, միևնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող: Ես կարծում եմ, որ Արթուր Վանեցյանի դեմ չկա գործ հարուցելու որևէ հիմք, և նրանք արդեն հասել են նրան, որ նույնիսկ այս կերպ փորձում են քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, թե խոսքը մի աշխատակցի մասին է, ում աշխատանքի արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել բյուջե:

Հարցին՝ Վանեցյանն այս գործի շրջանակներում էլի՞ է հրավիրվելու ԱԱԾ, Սահակյանն ասաց, թե հստակ չի կարող պատասխանել. «Նյութեր են նախապատրաստվում, եթե այն աստիճանի հասնենք, որ քրեական գործ հարուցվի, և լրիվ ծաղրեն օրենքը և, ընդհանապես, իրավական պետությունը, հաշվի չառնեն, որ իբր իրավական պետություն է ՀՀ-ն, չեմ բացառում, որ ևս մեկ անգամ կհրավիրվենք, կարող է կարգավիճակ ունենալ: Ես արդեն ոչնչի վրա չեմ զարմանում»,-ասաց նա՝ հավելելով, թե իր կարծիքով՝ սա հստակ քաղաքական հետապնդում է: