Բելառուսում «Վագների խմբի» զինյալների ձերբակալությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Բելառուսի ԱԳՆ

Բելառուսում ՌԴ դեսպան Դմիտրի Մեզենցևը տեղեկացրել է, որ իրեն կանչել են Բելառուսի ԱԳՆ` Բելառուսում ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության 33 անդամի ձերբակալությունը քննարկելու նպատակով: Այս մասին գրում է interfax.ru կայքը:

«Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայանալիք հանդիպումը համաձայնեցվել է անցկացնել օրվա առաջին կեսին»,-տեղեկացրել է դեսպանը լրագրողներին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:

Բելառուսում 170 զինյալի որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով: