«Թիմ» ընկերությունը «Բիլայնը» ձեռք կբերի «Բիլայնի» 100% բաժնետոմսերը «Արդշինբանկում» գրավադրելու միջոցով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 29-ի նիստի օրակարգում ներառված է «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Արդշինբանկում» գրավադրելուն համաձայնություն տալու հարցը: 

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն հուլիսի 10-ին համաձայնություն էր տվել «Բիլայնի» 100 տոկոս բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին օտարելուն։

«Բաժնետոմսերի համաձայնեցված գնով առուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուրը վարկային միջոցներն են, որի կապակցությամբ «Թիմ» ՍՊԸ-ի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված միջոցները կտրամադրվեն բանկի կողմից, և վերջիններիս միջև կնքված վարկային պայմանագրով դրանք վերադարձնելու «Թիմ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված կլինի՝ ընկերության բաժնետոմսերի գրավով, որի կապակցությամբ ընկերությունը խնդրել է, իր բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Թիմ» ՍՊԸ-ին փոխանցելու գործարքի իրականացման նպատակով, համաձայնություն տալ նշված բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Արդշինբանկում» գրավադրմանը»,- ասվում է ՀԾԿՀ որոշման նախագծում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հուլիսի 23-ին գրությամբ ՀԾԿՀ-ին տեղեկացրել է, որ առարկություն չունի բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող վարկային միջոցների և «Արդշինբանկի» միջև պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ։