Հարգելի պարոն վարչապետ, ԵԱՏՄ օրակարգում չկա գազի միասնական սակագնի ձևավորման հարց. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

ԵԱՏՄ առաջնորդների նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց գազի միասնական սակագնի մասին:

Հարգելի պարոն վարչապետ, չգիտեմ՝ ինչով են զբաղված Ձեր խորհրդականներն ու օգնականները, որ չեն փորձում անգամ ուսումնասիրել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը՝ նախքան Ձեզ համար ելույթներ պատրաստելը:

Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնեմ. ԵԱՏՄ օրակարգում չկա գազի միասնական սակագնի ձևավորման հարց: Չի էլ կարող լինել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ միասնական հարկային ու ֆինանսական համակարգեր: Ավելին՝ միասնական սակագնի համար անդամ-պետությունների էներգետիկ ու, մասնավորապես, գազատրանսպորտային շուկաները չափազանց տարբեր են (մեկը գազ ներկրող է, մյուսն՝ արտահանող):

ԵԱՏՄ-ի ընդհանուր գազի շուկան ենթադրում է գազային բորսայի ստեղծում, որտեղ կիրականացվի գազի առքուվաճառք սփոթային տարբերակով: Ներքին սակագները շարունակելու են սահմանվել անդամ-պետությունների կողմից: Նույն մոդելը գործում է ԵՄ-ում, Լատինական Ամերկայի ընդհանուր գազի շուկայում և այլուր:

Պարոն Փաշինյան, երբ Լուկաշենկոն է խոսում միասնական սակագնի մասին, ապա միանգամայն պարզ է նրա շահը՝ ապահովել Բելորուսի համար ռուսական Սմոլենսկում գործող սակագինը (70 դոլար): Դա խոշոր հաշվով բանակցային մանևր է: Երբ նույն բանի մասին հայտարարում եք Դուք, ապա անուղղակիորեն սպասարկում եք Մինսկի շահը, ինչը քաջ գիտակցում են նաև Մոսկվայում:

Հայաստան մատակարարվող գազի գնի հիմնախնդրի լուծումը գտնվում է բացառապես հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում: