Հայաստանը 280 մլն դոլար վարկ կվերցնի Արժույթի միջազգային հիմնադրամից

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել 280 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

«ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է անհապաղ 280 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,-ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հիմնադրամից հավելել են, որ «ֆինանսավորումը կօգնի իշխանություններին կանխել կարճաժամկետ ռիսկերը և միջոցներ տրամադրել կորոնավիրուսի համավարակի ստեղծած սոցիալական և տնտեսական հետևանքները վերացնելու համար»:

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5041 է, մահացածների թիվը՝ 64: