«Երեկ քաղաքապետ Հայկ Մարությանը հիստերիկ ջղաձգումներով ինչ-որ բան էր ուզում ապացուցել». Ռուսլան Բաղդասարյան

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը գրում է.

Երեկ ավագանու նիստին քաղաքապետը հիստերիկ ջղաձգումներով ինչ-որ բան էր ուզում ապացուցել: Մեծ հաշվով այդ անապացուցելին այն էր, որ ինքը լավ է աշխատել, իսկ բոլոր պրոբլեմների մեջ բոլորը մեղավոր են, բայց ոչ ինքը:

Ըստ բյուջեի հաշվետվության Երևանի 2019 թ. պատկերը հետևյալն է. Եկամուտները կատարվել են 86.8 տոկոսով: Երեկ բոլորը միաձայն գովում էին քաղաքապետարանին` սեփական եկամուտները գերակատարելու մեջ: Բայց մոռանում էին, որ քաղաքի ամբողջ եկամուտը կազմված է պետական դրամաշնորհներից, միջազգային բանկերի հետ համաֆինանսավորվող ծրագրերի համար նախատեսված մուտք լինող գումարներից ևս: Արդեն հասկացանք, որ պետբյուջեից ու բանկերից փողը չեն տվել, դրանով էլ բյուջեի մուտքերը եղել են թերի: Իսկ ինչի՞ չեն տվել, կարող է՞ պրոբլեմը հենց քաղաքային իշխանության նկատմամբ անվստահությունն է: Ասենք միջազգային բանկերը, նույնիսկ կառավարությունը չի վստահում իրենց: Եվ իրենք չեն հասկանում, թե ինչքան վնաս են տվել իրենց բառադի կառավարմամբ մեր քաղաքին:

Ծախսերը կատարվել են 70.5 տոկոսով: Այսինքն փողը կար, խնդիրները կային, բայց խնդիր լուծողը չկար: Դա նույն բանն է, որ երեխային կոշիկ է պետք, ծնողները գումար ունեն, կոշիկի խանութ էլ կա, և ծնողները տանից դուրս են գալիս կոշիկ գնելու, բայց քաղաքում կորում են ու հազիվ տան վերադարձի ճամփեն են գտնում ու տուն վերադառնում առանց կոշիկ առնելու:

Որպես փաստ կբերեմ հետևյալը` մանկապարտեզների վերանորոգման համար ավագանին հաստատել էր 1.397 մլրդ. դրամ: Այնուհետև փոփոխություն էր արել և այդ գումարի չափը իջեցրել մինչև 1.145 մլրդ.-ի: Բայց գործ արվել է ընդամենը 125մլն.-ի` 10.94 տոկոս, այն դեպքում , երբ «շունիկների» ստերջացման համար հատկացված գրեթե 300 մլն.-ը ծախսել են ամբողջությամբ: Ու էնպես են ստերջացրել, որ էդ «շունիկները» մարդ են գզում: Այսինքն 100 տոկոսով կատարված աշխատանքն էլ են վատ կատարել:

Հիշեցման կարգով ասեմ, որ 2018-ը փակեցին 6 մլրդ.-ից ավելի չկատարած ծախսով: Դա որոշ առումով հասկանալի էր` իրենք նոր էին, ամբողջ տարին խառն էր եղել: Բայց 2019-ը արդեն փակեցին 8 մլրդ.-ից ավելի չկատարած ծախսով: Հենց դա է վկայում այս իշխանության ոչ կոմպետենտությունը: Ու մի հատ էլ քաղաքապետը երևանցիների վրա լավություն է ծախում, որ էդ փողը տեղում է ու ոչ մեկ չի կպնի այդ փողին: Ոչ մեկ չի՛ էլ կարա այդ գումարին կպնի:

Հա, ի դեպ քաղաքապետի լեքսիկոնին անդրադառնալով` ասեմ, որ ըտենց ( գլուխ կտրողի ) ուժեղ տղու տպավորություն չթողեց, բոլորն էլ ճանաչում են իրեն: Բայց շատ է արդեն կոռուպցիայից խոսում ու ակամա մի ասացվածք հիշեցի` «գողը գոռաց` բռնեք գողին»: Մի հատ թող երևանցիներին ասի բա ինչի՞ են էդքան մեկ անձից գնումներ կատարել: Գնումների այդ ձևաչափը ամենառիսկայինն է կոռուպցիայի առումով:

Հիմա մի հարց ունեմ հենց Հայկ Մարությանին` իր կողմից շատ սիրված քաղաքի` Պրահայի, քաղաքապետը, եթե սենց հաշվետվություն ներկայացներ իր քաղաքացիներին, կարող է՞ր ասել «լավ մյուս տարի կանեմ չարածս» ու շարունակեր մնալ քաղաքապետ:

Ու հերիք է արխային հղում անեք երևանցիներին, թե իրենք գնահատականը կտան: Ասեմ իմանաք` ամենաշատը հենց էդ գնահատականից պիտի վախենաք: