Թրամփը Սենատին կոչ է անում չընդունել Իրանի հետ պատերազմի համար իր իրավասության սահմանափակման բանաձեւը

Երկրի անվտանգության համար շատ կարեւոր է, որ ԱՄՆ Սենատը չքվեարկի Իրանի հետ պատերազմի համար նախագահի ռազմական իրավասությունների սահմանափակման մասին բանաձեւը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեզ մոտ ամեն ինչ լավ է Իրանի հետ, եւ հիմա թուլություն ցույցաբերելու ժամանակը չէ։ Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը սատարել է ահաբեկիչ Սոլեյմանիի վրա մեր գրոհը։ Եթե իմ ձեռքերը կապված լինեին, Իրանի համար դա նշանակալի օր կլիներ։ Սա շատ վատ ազդանշան է։ Դեմոկրատները դա անում են միայն, որ վնասեն Հանրապետական կուսակցությանը։ Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- գրել է նա։

Նշված բանաձեւի ընդունման հարցով քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 13-ին։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձեւ, որը սահմանափակում է նախագահի իրավասությունները Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելիս։