Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքներն էապես ազդել չեն կարող. Տիգրան Խաչատրյան

Տեղյակ ենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով լուրջ տնտեսական խնդիրներ են առաջանում և բազմաթիվ տնտեսագետներ կանխատեսում են, որ հնարավոր է համաշխարհային տնտեսական ճգնաժամ լինի: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հարցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:

«Պատրա՞ստ ենք այդպիսի զարգացումներին և ինչ ենք մտադիր անել, եթե նման իրավիճակ ստեղծվի»,-հարցրեց պատգամավորը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ աշխարհը մտահոգված է այդ զարգացումներով, բայց կա լավատեսություն, որ հնարավոր իրավիճակները պետք է գտնվեն կառավարելիության գործիքների սահմաններում:

Նա նշեց, որ կան տարբեր գնահատականներ, թե որքան կարող է լինել ուղղակի ազդեցությունը Չինաստանի տնտեսության վրա և մի քանի ուղղություններ կարող են ազդեցություն կրել, որոնք անուղղակի ազդեցություն կարող է թողնեն տնտեսության մնացած ճյուղերի վրա:

«Երեք հավանական ուղղություններ, որոնք ունեն ուղղակի և անուղղակի ազդեցություն, հանգում են հետևյալ շրջանակին: Չինաստանի տնտեսությունը համարվում է պղնձի սպառման մոտավորապես կեսը կլանող տնտեսություն, Չինաստանում զբոսաշրջությունը դեպի աշխարհի այլ երկրներ համարվում է այդ տնտեսության հիմնական թվերից մեկը, զգալի թվով մարդիկ են շրջագայում և Չինաստանը նավթարդյունաբերության վրա պահանջարկի վրա մեծ ազդեցություն ունի: Բոլոր նշված զարգացումներով հանդերձ, համաշխարհային տնտեսության վրա այդ ցուցանիշը մեծ ազդեցություն ունենալ չի կարող, առավել ևս Հայաստանի տնտեսության վրա, որը հիմնականում կապ ունի պղնձի խտանյութերի արտահանման հատվածում, իր վրա մեծ ազդեցություն կրել չի կարող»,-ասաց նա և նշեց, որ այս փուլում չկան այնպիսի հարցեր, որ կարող են ուղղակի մեծ չափով ազդեցություն թողնել մեր տնտեսական աճի կանխատեսման վրա:

Տիգրան Խաչատրյանի կարծիքով, դեռևս այդպիսի խորության խնդիր չկա և Հայաստանի տնտեսական զարգացումներն այսօր և առաջիկայում այդ երևույթից էապես ազդվել չեն կարող: