ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի ներգրավմամբ տնտեսության տարբեր ճյուղերում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել  է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է. «Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ընդհանուր առմամբ՝ Միջին Արևելքը և Ձեր երկիրը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Ես շատ ուրախ եմ, որ նախորդ մեր երկրների միջև հարաբերություններն ակտիվանում են: Մենք արդեն կոնկրետացնել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում: Ես նաև ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, և մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար:

Ես շատ ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար: Ցանկանում եմ շեշտել, որ մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Ձեր երկրի հետ կապված, քանի որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածների նկատմամբ, և այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի և նրա ժողովրդի նկատմամբ: Սա շատ հզոր հիմք է մեր հարաբերությունների համար և հույս ունեմ, որ այս հիմքի վրա մենք կկարողանանք կառուցել իրոք տպավորիչ հարաբերություններ: Շատ շնորհակալ եմ»:

Աբդալլահ Երկրորդը նշել է. «Մեր առանձնահատուկ բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է և հուսով եմ, որ այն կշարունակվի ավելի պայծառ և ջերմությամբ: Մենք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք  և ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք: Ես շատ լավատես եմ և ու հիացած Ձեր ընդունելությամբ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս տնտեսությունն ունի զարգացման լավ միտումներ և երկրում ստեղծված է բարենպաստ տնտեսական միջավայր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ ու փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում: ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարող է լավ հաթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար:

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությամբ:

Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: 

ՀՀ վարչապետը և Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարևորությունը:       

Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան: