Թրամփը ներկայացրել է 2021թ․ ֆինանսական տարվա 4,8 տրլն դոլարի չափով բյուջեի նախագիծ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2021թ․ ֆինանսական տարվա 4,8 տրլն դոլարի չափով բյուջեի նախագիծը։

Առաջարկությունը, որը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից, ներառում է լրացուցիչ ծախսեր զինված ուժերի, ազգային պաշտպանության եւ սահմանների պահպանության համար, ինչպես նաեւ միջոցների տրամադրում Տիեզերական ուժերի ստեղծման եւ անհատական եկամտահարկերի կրճատման համար։ Սպիտակ տանը, ելույթ ունենալով երկրի նահանգապետների առջեւ, Թրամփը հայտարարել է, թե բյուջեի իր նախագիծը դեֆիցիտը զրոյի կհասցնի «ոչ այնքան երկար ժամանակում», եւ որ ինքը զգալի միջոցներ է ներդնում Ամերիկայի ռազմական եւ միջուկային զինանոցում։

«Մենք կունենանք շատ լավ բյուջե՝ շատ հզոր ռազմական բյուջեով, քանի որ մենք ընտրություն չունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը ձգտում է ծախսերը կրճատել խարդախություններն ու չարաշահումներն արմատախիլ անելու միջոցով։

Երբ գործը հասնում է պաշտպանությանն ու արտաքին քաղաքականությանը, Թրամփը նախապատվությունը տալիս է ավելի ուժեղ զինված ուժերին՝ մասամբ դիվանագիտության եւ զարգացման հաշվին։

Բյուջեի նախագիծը նախատեսում է 21 տոկոսով արտասահմանյան օգնության կրճատում։

Միջուկային զինանոցի արդիականացման համար ծրագրվում է տրամադրել 28,9 մլրդ դոլար, իսկ Միջազգային անվտանգության ազգային վարչակազմը, որը վերահսկում է Ամերիկայի միջուկային զենքը, կստանա 19,8 մլրդ դոլար։ Բյուջեն նախատեսում է 5 տոկոսով՝ մինչեւ 590 մլրդ դոլար, կրճատել ոչ ռազմական ծախսերը եւ 0,3 տոկոսով՝ մինչեւ 740 մլրդ դոլար, ավելացնել ռազմական ծախսերը։

Այն ներառում է NASA-ի համար ֆինանսավորման 12 տոկոս ավելացում՝ դեպի Մարս ենթադրվող առաքելության համար, եւ 2 մլրդ դոլար՝ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար։